Պուտինը պարզաբանել է, թե ինչու դեռ ոչ մեկին չի շնորհավորել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է, որ դեռ չի շնորհավորել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների հաղթողին, քանի որ պետք է սպասել բոլոր իրավական հարցերի կարգավորմանը: ՌԴ ղեկավարի կարծիքով՝ շնորհավորանքի այսպիսի զուտ պաշտոնական ձգձգումը չի վատացնի Մոսկվայի և Վաշինգտոնի առանց այդ էլ վատ հարաբերությունները:

«Փչացած հարաբերություններն արդեն չես փչացնի»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք չեն վատանա ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական խոսքի ձգձգման պատճառով:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլորին՝ և՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, և՛ այդ պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Այդ իսկ պատճառով մենք խնդիր չունենք այս հարցի առնչությամբ: Իսկ զուտ պաշտոնական քայլերը պետք է արվեն ստեղծված իրավիճակի և գործի իրավական կողմի համապատասխան»,- պարզաբանել է Պուտինը:

Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ իշխանությունները պատրաստ են աշխատել ԱՄՆ յուրաքանչյուր ընտրված նախագահի հետ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կարևոր է սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին և «ներքին դիմակայության» ավարտին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին: Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ստացել է ավելի շատ ընտրիչների ձայներ, քան անհրաժեշտ է (270 ձայն) նախագահ ընտրվելու հոմար, սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում քվեարկության արդյունքները՝ նշելով, որ բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել ողջ երկրում: 

http://armday.am/post/153815/po-tiny-parzabanel-e-te-incho-der-och-mekin-chi-shnorhavorel-amn-nakhagahakan-yntro-tjo-nnero-m-haghtelo-kapaktso-tjamb